ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության, համաժողովի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ: