ՀՀ պետեկամուտների կոմիտեն մանրամասներ է հայտնել «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում կատարված խուզարկությունների վերաբերյալ:
Գերատեսչության տեղեկություններով՝ ՊԵԿ-ում օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և հսկիչ-դրամարկղային մեքենաների ծրագրին միջամտությամբ գնորդներին տրամադրում է ֆիսկալ համարներով չեկեր, սակայն գնումների դիմաց վճարված գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային ծառայություն չի ուղարկվում: Արդյունքում ընկերությունը թաքցնում է իրական շրջանառությունը, հաշվի չի առնում և պետբյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր, ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները 2022 թվականի հոկտեմբերի 17-25-ը սուպերմարկետների ցանցում իրականացրել են 35 հսկիչ-գնումներ։ Ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են 24 դեպքերում, 8 հսկիչ գնումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել, 3-ի դեպքում ընկերության աշխատակիցները ՀԴՄ կտրոն չեն տրամադրել: Ըստ հաղորդագրության՝ ստացված տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ:
Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ՔԿ-ի, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի աշխատակիցները դատարանի որոշումների հիման վրա խուզարկություններ են կատարել սուպերմարկետների ցանցում։
Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ քննիչները փակել են «Զովք» ցանցի բոլոր սուպերմարկետները՝ քրեական գործի հետ կապված խուզարկություններ կատարելու համար։