Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական` 28-րդ հայցադիմումը, որը վերաբերում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի նախկին փոխքաղաքապետից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել երեք անշարժ գույք Երևանում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 մլն 750 հազար դրամ, մեկ շարժական գույք, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները՝ մինչև գործով վճռի փաստացի կատարումը,19 մլն 786 հազար 303 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։
Բացի այդ, 8 մլն 258 հազար 347 դրամի չափով գումարը, որը 2013-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը:
Հավելենք, որ Վահե Նիկոյանը Երևանի փոխքաղաքապետ էր նշանակվել 2012 թվականի հունվարին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահե Նիկոյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ հրավիրվել էր դատախազություն։