Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը:
Ձերբակալության մանրամասների մասին Խաչատրյանը տեղեկություններ չտվեց, միայն ասաց, որ ավելի ուշ հնարավոր է մամուլի հաղորդագրություն՝ պատճառների մասին:
Առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, «Ազատության» ռ/կ-ի հետ կարճ հեռախոսազրույցում, օգոստոսին միայն հերքել էր տեսչական մարմնի հայտարարությունը խախտումների մասին՝ արագ անջատելով հեռախոսը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել է, որ ավելի քան 3 հազար քառակուսի մետր մակերեսով տոնավաճառում քաղաքաշինական և հակահրդեհային կանոնների շուրջ 20 խախտումները վերացնելու համար տեսչական մարմինը «Սուրմալու»-ի ղեկավարությանը ժամանակ էր տվել մինչև նախորդ տարեվերջ։ Դրանից հետո նոր ստուգում չէր իրականացվել։
2022 թվականի օգոստոսին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյուն և խոշոր հրդեհ է բռնկվել։ Արդյունքում զոհվել է 19 մարդ։ Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 357 հոդվածների 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնների խախտելը) և 358 հոդվածով (այրվող նյութերի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը):