Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատմել է Լաչինի միջանցքի իրավիճակի վրա ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հնարավոր ազդեցության մասին:
Հանրային հեռուստաընկերության եթերում նա դրական է գնահատել դատարանի որոշումը։ Նրա խոսքով՝ այն առանցքային նշանակություն ունի, քանի որ դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են։
«Փաստորեն ստացվում է, որ բացի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից, Ադրբեջանն արդեն ունի ևս մեկ հստակ իրավական պարտավորություն, որն ամրագրված է դատարանի որոշմամբ: Այն է՝ ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը»,- ասել է Կիրակոսյանը:
Նա ընդգծել է, որ այդ հանգամանքը բոլոր հնարավոր հարթակներում պետք է օգտագործվի հայկական կողմից նաև քաղաքական առումով:
Պատասխանելով Ադրբեջանի կողմից դատարանի որոշումը չկատարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Կիրակոսյանն ասել է. «Չեմ կարծում, որ դա դրական արձագանք կստանա միջազգային հանրության կողմից: Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումը կառաջացնի առնվազն իրենց երկրի հեղինակության հետ կապված խնդիրներ և լրացուցիչ բարդություններ»։
Նա ընդգծել է, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի միջազգային հանրությանը մշտապես հիշեցնի Բաքվի այս նոր հանձնառության մասին։
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ դատարանի որոշման մեջ հստակ ամրագրված ժամկետներ չկան։ «Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և արդեն այդ պահից Ադրբեջանը պարտավորություններ ունի քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար», – ասել է Հայաստանի ներկայացուցիչը:
Նա կարծիք է հայտնել, որ դատարանն իր վճռում հիմնավորված է համարել հայկական կողմի փաստարկները, ըստ որոնց Լաչինի միջանցքում, այսպես կոչված, «էկոակտիվիստների» ակցիաներն Ադրբեջանի կողմից կազմակերպված գործողություններ են:
«Կարծում եմ՝ որոշման մեջ նկատի ունի, որ դրանք պետք է դադարեցվեն»,- հայտարարել է Կիրակոսյանը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։