ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ, «Ալֆայի Չիկո» անունով հայտնի Արամ Գասպարյանն այսօր ազատ արձակվեց:
Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը արդարադատություն է իրականացրել:
«Արամ Գասպարյանը ծանր փորձություններով անցավ՝ կալանքի տակ գտնվելով ավելի քան 550 օր: Այսօր մի անարդարության վերջ տրվեց»,-ասաց Վարդևանյանը:
Արամ Գասպարյանը ազատ է արձակվել գրավով:
Հիշեցնենք, որ Արամ Գասպարյանը կալանավորվել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ հարուցված քրական գործի շրջանականերում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի ղեկավար Մանվել Փարամազյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։ Արամ Գասպարյանը մեղադրվում էր 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողներին ուղղորդելու համար: