Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար:
«Գևորգյանը 2017թ․ հայտարարագրում չի ներառել ԱՄՆ-ում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերի՝ 490 000 դոլարով ձեռք բերված Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի, 520 000 դոլարով ձեռք բերված՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի և Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանի, ինչպես նաև «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները»,- ասված է հայտարարությունում
Բացի այդ, ըստ դատախազության, 2018թ․ հայտարարագրում 50 մլն դրամ, 1 մլն 600 հազար դոլար և 150 հազար եվրո է հայտարարագրել, որից հետո Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը ձեռք բերելու նպատակով 2019-ին 45 750 դոլար է վճարել «Ուան Քի Էսկրոու կորպ Սիթի Նեյշնլ Բանկ»-ի հաշվեհամարին՝ որպես նշված առանձնատան գնման իրավունքի կանխավաճար:
Գևորգյանը նույն տարվա ընթացքում ծախսել է նաև օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ 2 մլն 138 հազար 465 դրամ, սակայն 2019 թվականի հունվարի 14-ին՝ պաշտոնից ազատվելուց հետո ներկայացված հայտարարագրում, չի նվազեցրել նախորդ տարվա համար հայտարարագրված գումարները։
Վերոգրյալից բացի, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում, Գևորգյանը 2009-2012 թթ․ զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա հողամասեր, ինչպես նաև մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք։
Գևորգյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):