Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. խափանման միջոց է ընտրված պաշտոնավարման կասեցումը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Վարույթով պարզվել էր, որ Գ.Մ.-ն, զբաղեցնելով համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ»,- հայտնում են գերատեսչությունից:
2022 թվականի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ.Մ.-ի նկատմամբ. Գ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախաձեռնվել էր քրեական վարույթ: