Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 մարդ ձերբակալվել են պետությունից հափշտակություն կատարելու քրեական գործի շրջանակներում, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Սիմոնյանի դեմ մեղադրանքները վերաբերում են 2020-22 թվականներին, երբ նա առողջապահության փոխնախարար էր և իրականացնում էր կոնոավիրուսով հիվանդացության դեպքերի համար պետական ֆինանսավորման վերահսկողությունը։
Ըստ քննության տվյալների՝ 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի դեկտեմբերը «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի տնօրենը և առնվազն ևս 8 բժիշկներ 385 պացիենտների հիվանդությունների պատմագրերի մեջ կեղծ տեղեկություններ են ներառել այն մասին, թե նրանք իբր բուժում են անցել վերակենդանացման բաժանմունքում։
Կեղծ հաշվետվությունները ներկայացվել են Առողջապահության նախարարությանը, դրանց հիման վրա «Մեդլայն Կլինիկ»-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետական միջոցներից հատկացվել է 119.005.000 դրամ (ավելի քան 300 հազար դոլար):
Գևորգ Սիմոնյանը, «չցանկանալով փչացնել «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի տնօրենի հետ ունեցած քավորսանիկական և գործնական հարաբերությունները» պատշաճ կերպով չի իրականացրել վերահսկողությունը և չեն արձանագրվել նշված անհամապատասխանությունները:
Մարտի 10-ին ձերբակալել են Սիմոնյանին, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ին և ևս 9 անձի, հայտնում են գերատեսչությունից։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), որը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով։
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Հակակոռոիպցիոն կոմիտեից հայտնել էին, որ այսօր խուզարկություն է իրականացվել Սիմոնյանի աշխատասենյակում։