«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը Armenia Today-ի հետ զրույցում իր ձերբակալությունն անվանեց «քաղաքական հետապնդում»։ Նրա խոսքով՝ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատվեր, իրեն լռեցնելու փորձ:
«Պարզապես ինձ պետք էր երկու օրով կալանավայրում տեսնել, դրանով ինձ փորձում են լռեցնել, բայց ես չեմ լռելու»,- ասաց նա։
Նախկին պատգամավորի խոսքով՝ ինքը ոչ մի ճանապարհային կանոն չի խախտել, կարծում է, որ իրեն հետևել են:
«Ես միշտ աջ եմ տեղափոխում մեքենաս, որ պարեկային մեքենան անցնի, բայց ի զարմանս ինձ, ոստիկանական մեքենան փակեց ճանապարհս, ոստիկանն իջավ և բացեց մեքենայիս դուռը, ինչի իրավունքը չուներ, քանի որ մեքենան համարվում է բնակարանին հավասարեցված անձեռնմխելի օբյեկտ»,- մանրամասնեց Պետրոսյանը։ Իր հարցին, թե ինչու են իրեն բերման ենթարկում, իրավապահները պատասխանել են՝ բաժնում կիմանաք։
«Երբ խնդրեցի նշել հոդվածը, որով ինձ բերման են ենթարկում, ինձ կրկնեցին, որ բոլոր մանրամասները կհայտնեն ոստիկանության բաժնում։ Վերջում ինձ ասացին, որ ինձ բերման են ենթարկում անկանոն վարելու համար»,- հավելեց նա՝ նշելով, որ ՎՕ-ում չկա նման ձևակերպում:
Տեղում Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է, կանչել են շտապ օգնություն: Բժիշկը հրահանգել է տեղափոխել հիվանդանոց, սակայն ոստիկանության աշխատակիցները մերժել են, ասելով, որ նա ոստիկանություն պետք է գա:
Պետրոսյանը պարզաբանեց, որ իրեն ազատ են արձակել, քանի որ կալանքի փաստարկներ չեն եղել, «ապօրինի են բերման ենթարկվել»։ Իրեն մեղսագրվող արարքներին ի պատասխան՝ Պետրոսյանը բաժնում խնդրել է ներկայացնել բռնության հետքեր կամ ապացույցներ՝ բռնոեւթյան սպառնալիք հնչեցնելու մասին, ինչը չի ներկայացվել:
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում, Պետրոսյանն ասաց, որ բանտախցում երկու օր ոչինչ չի կերել, չի խմել և չի քնել, քանի որ կարծել է, որ այլ կերպ կարող են վարվել իր հետ:
«Մի քիչ խելքի գամ՝ կզբաղվեմ իրենցով»,- ասաց նախկին պատգամավորը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Պետրոսյանը մեքենան վարել է անկանոն, չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ։ Պետրոսյանի փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը նշել է, որ նա որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել։