Ռուս լրագրող, «Նյուզ մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը հայտնել է, որ դիմել է «Հայաստանում հայտնի փաստաբան Արամ Վարդևանյանին» այն բանից հետո, երբ արգելվել է իր մուտքը Հայաստան։ Գաբրելյանովն ընդգծել է, որ Վարդևանյանի իրավաբանական գրասենյակը դատարանում ներկայացնելու է նրա շահերը Հայաստանի իշխանությունների դեմ։
Գաբրելյանովը նաև հայտնել է, որ երկրորդ հայցը կներկայացնի «անձամբ Փաշինյանի դեմ (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան)»։
«Եթե նա (Փաշինյանը) չապացուցի, որ ես երբևէ պահանջել եմ Հայաստանում Զանգեզուրի միջանցք ստեղծել, ապա էֆենդի Նիկոլը (Փաշինյանը) պետք է պատասխան տա։ Ես դատարանի միջոցով կապացուցեմ, որ Նիկոլը եղել և մնում է խաբեբա»,- շեշտել է Գաբրելյանովը։
Նախկինում Գաբրելյանովն արդեն հայտնել էր, որ «հայց է ներկայացրել Հայաստանի կառավարության դեմ և անպայման կստիպի, որ իրեն թույլ տան մուտք գործել Հայաստան»։
Մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Կոնստանտին Զատուլինի, Գաբրելյանովի և Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտքի արգելքի մասին հարցին, Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանն ինքնիշխան երկիր է և իրավունք ունի իր նկատմամբ հարգանք ակնկալել» և «իրավունք ունի օգտագործել իր ինքնիշխան գործիքները՝ սեփական շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար»։ Ըստ վարչապետի՝ «ինչ-որ մեկն ասում է, որ Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել, թող տա»։ Նա ընդգծել է, որ «այդ մարդիկ պարտավոր են հարգել Հայաստանը, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին»։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մարտի 7-ին հայտնել էր, որ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ «Հայաստան ժամանելուն պես պարզվեց, որ անձնագրի հետ կապված ինչ-որ խնդիր կա։ Հետո պարզվեց, որ խնդիրը կապված է մուտքի հետ։ Ժամը երեքին մոտ ինչ-որ բան ճշտեցին, ասացին, որ իրեն արգելված է մուտք գործել Հայաստան»,- պարզաբանել էր Սողոմոնյանը՝ մանրամասնելով, որ Գաբրելյանովը փոխել է տոմսը և վերադարձել Ռուսաստան։