Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ խարխադության հանցակցության մեղադրանքով հանրային քրեական հետապնդում է հայտարարվել, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ գործը վերաբերում է ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասն իբր «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պատրվակով կառավարությունից թույլտվության ձեռբերմանը, որը ոչ նպատակային է օգտագործվել։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հասմիկ Պողոսյանը, ում հասցեագրվել էր ներդրումային ծրագիրը, տեղեկացված լինելով ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, ով ընկերության տնօրենի եղբայրն է:
2012թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարարի և ընկերության միջև կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառվել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ 800 մլն դրամ արժողությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը:
Քննությամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից Երևանի Ե.Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300.0 քմ մակերեսով հողատարածքն ու 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շինության տարածքը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 165.770.000 մլն դրամի (մոտ 420 հազար դոլարի սահմաններում) գույքային վնաս:
Հարուցված քրեական հետապնդումների հիման վրա, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ընկերության երկու հիմնադիրներին խարդախության մեղադրանք է ներկայացվել։ Նշված տարածքում 17 հարկ ունեցող շենքի վրա արգելադրում է կիրառվել։
Որոշում է կայացվել Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ խարդախություն կատարելու և խարդախության հանցակցության համար: Ըստ ՔԿ-ի՝ վերջինս գտնվում է հետախուզման մեջ, իսկ որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: