Ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցրած Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել է. նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացվել, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հստակեցվում է, որ դատախազը 2023թ․ մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի նկատմամբ:
«Հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք»,- հայտնում է դատախազությունը:
Քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը և 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը: Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151 մլն 756 հազար դրամ ընդհանուր արժողության գույքը՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը:
Վերոգրյալի հիման վրա Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը): Վարույթն իրականացնող քննիչը, մինչդատական վարույթում հավաքված ապացույցների գնահատման արդյունքում գալով այն հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, հայտնել է նախաքննության ավարտ: