Հայաստանի ԱԳՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում ներառել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հարցը, պետա-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՄԱԿ-ի դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր է և պետք է իրականացվի Ադրբեջանի կողմից։ Սակայն, ցավոք, Ադրբեջանը անտեսում է Միջազգային դատարանի որոշումը և փորձում է խեղաթյուրել որոշման բովանդակությունը թե՛ ամենացածր, թե՛ ամենաբարձր մակարդակով»,- ընդգծել է Կիրակոսյանը։
Նա հավելել է, որ դա արտացոլվել է վերջերս Ադրբեջանի արտգործնախարարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, որին հաջորդել է Հայաստանի արտգործնախարարի պատասխան նամակը Գլխավոր քարտուղարին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջանկյալ որոշումների չկատարման հարցը բարձրացնելու այլ երկրների փորձերն անհաջող էին, քանի որ դրանք հիմնականում վերաբերում էին Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկին։ Վերջիններս ամեն անգամ օգտվել են վետոյի իրենց իրավունքից»,- ընդգծել է Կիրակոսյանը։
Սակայն Հայաստանի պարագայում, ըստ Կիրակոսյանի, պետք է աշխատել. «Շատ կարևոր է հարցը մտցնել Անվտանգության խորհրդի օրակարգ և առավելագույնս օգտագործելով դիվանագիտական բոլոր ուղիները՝ ապահովել հարցի բարենպաստ քննարկումը»,- նշել է նա։
Գաղափարն այն է, ամփոփել է Կիրակոսյանը, որ դատարանի որոշման չկատարումը վտանգ է ներկայացնում խաղաղության և կայունության համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ի դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ Դատարանը նաև մերժել էր Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի հայցը։