Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշումը վերքաննության կարգով բողոքարկվել է։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ըստ Խաչատրյանի՝ Սիմոնյանին կալանավորելու հիմքեր ընդհանրապես չկան։ «Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատանքի չի ենթարկել ներկայացված նյութերը, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի եղել, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշումը առավելապես հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հիմնավորված և պատճառաբանված չէ, չի բխում գործի փաստական տվյալներից»,-նշեց նա։
Ըստ պաշտպանի՝ Գևորգ Սիմոնյանի կալանավորման որոշումը դեկլարատիվ բնույթի ձևակերպումներով է՝ կապված անձի ունեցած հեղինակության, նախկինում զբաղեցրած պաշտոնների և այժմյան զբաղեցրած պաշտոնի հետ։ «Արձանագրել են, թե իբր բարձր հեղինակությամբ զբաղեցրած պաշտոնները, դրանով պայմանավորված կապերը կարող են օգտագործվել գործով անցնող անձնաց վրա ազդեցություն գործադրելու համար»,-նշեց Խաչատրյանը։
Անդրադառնալով պաշտպանական կողմի գործողություններին՝ փաստաբանը նշեց, որ տարակուսանք են հայտնել, որ անձի ապրած տարիների ընթացքում ձեռք բերված հեղինակությունն այսօր կարող է բացասական իմաստով վերագրվել անձին և ծառայել որպես կալանավորական հիմք։ «Բայց կարևորը դա չի, նույնիսկ մինչև կալանավորման հիմքերին հասնելը, ես հաստատապես պնդում եմ, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից որևէ նյութ դատարան չի ներկայացվել։ Ներկայացվել է մոտ 2000 էջանոց փաստթուղթ, բայց որևէ նյութով չի հիմնավորվում, ըստ որի՝ Գևորգ Սիմոնյանը հնարավոր է առնչություն ունենա իրեն մեղսագրվող արարքին»,-հայտարարեց պաշտպանը։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 մարդ ձերբակալվել էին պետությունից հափշտակություն կատարելու քրեական գործի շրջանակներում: Սիմոնյանի դեմ մեղադրանքները վերաբերում են 2020-22 թվականներին, երբ նա առողջապահության փոխնախարար էր և իրականացնում էր կոնոավիրուսով հիվանդացության դեպքերի համար պետական ֆինանսավորման վերահսկողությունը։ Դատարանի որոշմամբ Սիմոնյանը 2 ամսով կալանավորվել է։