Հռոմի ստատուտն իրական գործիք է ՀՀ կենսական շահերի համար։ Այն վավերացնելուց հետո ՀՀ-ն չի կարող ձերբակալել ՌԴ նախագահին, բայց կարող է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործիք դառնալ։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը՝ խոսելով վերջին օրերի ընթացքում Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացի մասին։ Նրա հետ զրույցում անդրադարձանք նաև Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր տալուն ու թե ՀՀ-ն Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո այս առումով ինչ պարտավորություններ է ունենալու։
«Թեպետ Հայաստանը վաղուց է ստորագրել Հռոմի ստատուտը, բայց 2000-ականներին այն հակասող էր ճանաչվել 1995 թվականի Սահմանադրությանը, և վավերացման գործընթացն առկախվել էր։ Հետևաբար, վավերացման պահից ստատուտը նոր միայն կարող է ուժի մեջ մտնել Հայաստանի համար։ Սա նշանակում է, որ ապրիորի Հայաստանի մասով այն արարքները, այն որոշումները, որոնք վերաբերում են մինչև վավերացման ժամանակահատվածին, ուժ չեն ունենալու։ Այստեղ մեկ կարևոր բացառություն կա․ Հայաստանը հայտարարել է, որ 2021 թվականի մայիսից սկսած ՀՀ տարածքում կատարված հանցանքների մասով ընդունելու է իրավազորությունը։ Այսինքն՝ բացառապես ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների մասով Հայաստանը նաև հետադարձ դատազորություն է ընդունել»,- շեշտեց Արա Խզմալյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն չի կարող հետադարձ ուժ տալ ստատուտին երրորդ պետության տարածքի մասով, 3-րդ պետությունում տեղի ունեցած արարքների մասով։
«Այն արարքները, որոնք, օրինակ, մեղսագրվում են ՌԴ նախագահին՝ հիմնված են Ուկրաինայի տարածքի գործողությունների վրա, դրանց մասով հետադարձ իրավազորություն կարող է ճանաչել և ճանաչել է Ուկրաինան։ Հայաստանի կողմից սպասվելիք վավերացումը վերաբերում է ՀՀ տարածքին՝ սկսած 2021-ի մայիսյան դեպքերից, և որևէ առնչություն չունի ՌԴ որևէ պաշտոնյայի հետ։ Սա, իր հերթին, նշանակում է, որ նաև վավերացումից հետո այդ արաքների մասով Հայաստանը կաշկանդված է լինելու պետության գլուխների անձեռմխելիության նորմերով։ Այսինքն՝ Հայաստանը չի կարող ձերբակալել և արտահանձնել օտարերկրյա պետության ղեկավարին այնպիսի արարքի համար, որը տեղի է ունեցել ՀՀ տարածքից դուրս՝ մինչև ՀՀ-ի կողմից ստատուտի վավերացումը։ Այսինքն՝ այս տեսանկյունից ընդամենն արհեստական և արհեստածին սենսացիա կա, և այս առումով որևէ իրական խնդիր չկա»,- հավելեց մասնագետը։
Հարցին՝ արդեն իսկ վավերացված կամ ստորագրված նման կանոնադրությունները հետ կանչելու, վավերացման գործընթացը չեղարկելու հնարավորություններ կա՞ն՝ Խզմալյանը պատասխանեց․ «Ստորագրություն հետ կանչելն ու վավերացված պայմանագրից դուրս գալը տարբեր ընթացակարգեր են։ Վավերացված միջազգայն պայմանագրից դուրս գալու մեխանիզմներ գոյություն ունեն, բայց դրանք ավելի բարդ են, քան ստորագրությունը հետ կանչելը»։
Նրա խոսքով՝ տեսականորեն նշվածների հնարավորությունը կա։
«Այդուհանդերձ, Հռոմի կանոնադրությունը չվավերացնելու, առավել ևս՝ ստորագրությունը կամ վավերացումը հետ կանչելու մասին ցանկացած խոսակցություն ուղիղ հակասում է ՀՀ կենսական շահերին։ Հռոմի կանոնադրության վավերացումն իրական գործիք կստեղծի ՀՀ-ի համար պատասխանատվության կանչելու Ադրբեջանի այն բարձրաստիճան պաշտոնյաներին ու զինվորականներին, որոնք ՀՀ տարածքում հանցանքներ են կատարել կամ հրամայել են դրանց կատարումը։ Այս գործընթացը որևէ այլ անձանց դեմ չէ, հետևաբար, պայքարել վավերացման դեմ՝ նշանակում է սպասարկել Ադրբեջանի շահը»,- ընդգծեց Խզմալյանը։
Ինչ վերաբերում է վավերացման ընթացակարգին, Արա Խզմալյանը նշեց, որ այն տեղի է ունենում Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի շրջանակներում։ Այսինքն, նրա խոսքով, վավարեցումը որոշվում է ԱԺ-ի կողմից, որից հետո ԱԳՆ-ն նույնպես քայլ ունի անելու՝ ծանուցելու վավերացման հանգամանքը։
Հավելենք, որ Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ստորագրած կամ միանալու ենթակա միջազգային պայմանագիրը ՀՀ-ի համար պարտադիր իրավաբանական ուժ է ստանում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվելու կամ ՀՀ նախագահի կողմից հաստատվելու միջոցով։
Միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ԱԳ նախարարությունը պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կազմում է վավերագիր և ներկայացնում ՀՀ նախագահին՝ միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի հետ միաժամանակ այն ստորագրելու նպատակով։ Հանրապետության նախագահի աշխատակազմը միջազգային պայմանագրի ստորագրված վավերագիրը ՀՀ ԱԳՆ-ին է վերադարձնում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԱԺ նախագահի կողմից ստորագրված և հրապարակված օրենքով վավերացված միջազգային պայմանագրի վավերագիրն ստորագրում է վարչապետը: ՀՀ ԱԳ նախարարն ստորագրում է վավերացված միջազգային պայմանագրին միանալը հաստատող փաստաթղթեր:
Ըստ վերոնշյալ օրենքով սահմանված ընթացակարգի՝ նախքան միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծն ԱԺ-ի վավերացմանը ներկայացնելը՝ կառավարությունը դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանն արդեն որոշում է կայացրել, համաձայն որի` Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ աղբյուրը հայտարարել էր, որ Մոսկվան «բացարձակապես անընդունելի» է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի պլանները՝ ՌԴ ղեկավարության դեմ օրդերների ֆոնին:
Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել:
Աննա Բադալյան