Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Պարբերականը գրում է, որ քաղաքացիների տվյալներն օգտագործվել են եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար:
«Այդ ընկերութունները օգտագործվել են փողերի լվացման տարբեր մեխանիզմներում`հանցագործություններ կոծկելու և քաղաքական գործիչների համար քարոզչություն հովանավորելու նպատակներով»,-գրում է «Հետք»-ը։
45-ամյա Մուշեղ Ջաբախջուրյանը, որն ապրում է Երևանի ծայրամաս համարվող թաղամասերից մեկում` Նորքի 1-ին նրբանցքի համեստ մի տանը, «Արարատբանկի» ինկասացիայում է աշխատել, բայց հիմա ի վիճակի չէ որևէ գործ անելու:
«2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նա Մատաղիսում է եղել, վիրավորվել է որովայնից և ականջից։ Աղիների մի մասը որովայնից դուրս են հիմա, լսողությունն էլ խաթարվել է: Նրա բուժումն արտերկրում կազմակերպելու համար բավարար ֆինանսական միջոցներ չունեն: Մուշեղը, սակայն, եվրոպական ընկերության, մասնավորապես` Լեհաստանում 2017թ. գրանցված Equimach Sp Zoo-ի հիմնադիր է, ինչպես նաև՝ այդ ընկերության խորհրդի նախագահը: Պարզապես նա չգիտի, թե այդ ընկերությունն ինչ նպատակով է հիմնադրվել և ինչ գործարքներ է անում»,-գրել է ԶԼՄ-ն՝ հավելելով, որ Մուշեղը մեկն է տասնյակ այն ՀՀ քաղաքացիներից, որոնց տվյալներն օգտագործվել են եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար:
Հետաքննությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։