ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը, որն առայժմ առկա չէ։ Այս մասին հայտնել է Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար ազգային ժողովին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։ Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման միակ ձևը, Մելիքյանի խոսքով, վերոնշյալն է, և առայժմ նման միջնորդագիր ներկայացված չէ։
Նա նշել է, որ Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 12:10-ին։
Հիշեցնենք, որ ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 11:15-ի սահմաններում, փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։
Սահակյանը ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։