ԴԱՀԿ աշխատակից, փաստացի ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վարորդ հանդիսացող Ա.Հ.-ն մասնակի վերականգնել է պետությանը պատճառված վնասը, հայտնում է դատախազությունը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ վարորդը վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն 985 հազար դրամը: Ա.Հ.-ն 2023 թ․ մարտի 27-ի դատավճռով՝ մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար (վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 4 տարի:
2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա.Հ.-ն ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով բավարարվել է նաև պատճառված վնասի չհատուցված մասի՝ 2 մլն 727 հազար 550 դրամի վնասը վերականգնելու վերաբերյալ դատախազի հայցը:
Ըստ դատախազության, նշված քրեական վարույթի ընթացքում ապահովվել է գաղտնիությունը, ինչի պատճառով հանրությունը չի տեղեկացվել, որ քրեական վարույթը վերաբերել է նաև Հրայր Թովմասյանին:
«Սակայն, նկատի ունենալով, որ նշված վարույթով արդեն իսկ ՍԴ դատավորի նկատմամբ կայացվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջնական որոշում, տեղեկացնում ենք, որ նշված որոշմամբ հաստատված է համարվել, որ Հ.Թ.-ն իր վարորդին ավելի բարձր վարձատրելու, կոչում շնորհելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունից չզրկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնից բխող պարտականությունները չկատարելը կանխելու կապակցությամբ միջոցներ չի ձեռնարկել»,- ասված է հայտարարությունում: