«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից: Նրա հանդեպ քրեական հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությանը կողմ քվեարկեց 107 պատգամավորից 65-ը: Դեմ ձայներ չեն եղել: Քվեատուփում անվավեր թերթիկներ չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար: Հայտնի է, որ նա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։