«Եռաբլուր» պանթեոնում 2022թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք ՀՀ քննչական կոմիտեի առջև իրականացվող ակցիայի ընթացքում պահանջներ են ներկայացրել հանդիպելու ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ՝ առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն։
«Մի կողմից բարձրացվում է վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հարցը, սակայն, զուգահեռաբար, նախաքննական մարմնին ներկայացվում են վարույթով կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ։ Նշված անձանց կողմից մինչ այսօր ներկայացված՝ հանդիպման և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ նախկին բազմաթիվ դիմումները ՀՀ քննչական կոմիտեի կողմից բավարարվել են։ Վարույթն իրականացնող քննիչի կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից կազմակերպվել են մի քանի ընդունելություններ»,- պարզաբանում է կոմիտեն։
ՔԿ-ն նշում է, որ վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՔԿ ներկայացուցիչների հասցեին, փաստացի խաթարել հանդիպման բնականոն ընթացքը, որի պատճառով այն չի ծառայել իր նպատակին։
«Իրենց գործողություններով հանդիպման առանձին մասնակիցներ ակնհայտ են դարձրել շարունակաբար կրքեր բորբոքելու և իրավիճակը լարելու մղումները։
Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ, որին ընթացք կտրվի ՀՀ ՔԿ գործավարական ընթացակարգերով և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն։ Այս առաջարկը, սակայն, ակցիայի մասնակիցների կողմից մերժվել է»,- հայտնում է գերատեսչությունը։
Ըստ ՔԿ-ի՝ վերոնշյալ հանգամանքները փաստում են ակցիայի մասնակիցների՝ վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցության ցանկության բացակայությունը։
«Հաշվի առնելով վերջիններիս զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ լինելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմինը խուսափել է քննչական գործողության մասնակցելու համար նրանց հարկադրաբար ներկայացնելուն ուղղված միջոց ձեռնարկելուց։ Ակցիա իրականացնող անձինք նախընտրել են նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճը»,- ասված է հայտարարությունում։
ՀՀ քննչական կոմիտեն վերահաստատում է փոխադարձ հարգանքի, ըմբռնողականության մթնոլորտում, առանց ոչ իրավաչափ պահանջներ առաջադրելու փորձերի, վարույթի շրջանակում տուժող ճանաչված անձանց հետ գրավոր հաղորդակցություն ծավալելու պատրաստակամությունը՝ հիշեցնելով որ տուժողները զրկված չեն նաև վարույթի շրջանակներում իրենց դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից։
«Ինչ վերաբերում է վերոնշյալ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին, ապա նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում, անկախ համագործակցությունից նշված անձանց հրաժարվելու իրողությունից, վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են՝ քննության անաչառությունը և լիարժեքությունն ապահովելու նպատակով»,- հայտնում է ՔԿ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհվածների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը։ Ծնողները հայտարարել էին, որ նստացույց են սկսում։ Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, որոնք 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնի ուժ էին կիրառել ծնողների նկատմամբ։