Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 2008-2015 թվականներին Աբրահամյանը ապօրինի մասնակցել է «Ավազահատիկ» շինարարական ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերության կառավարմանը՝ ստանալով 230,4 մլն դրամ (մոտ 590 000 դոլար) եկամուտ։
«1995-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ (ՀՀ ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ չորրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՀՀ վարչապետ) «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի բաժնեմասին ապօրինի տիրանալու և վստահված անձանց միջոցով ընկերության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, 2006-2008 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջոցով խոչընդոտներ է ստեղծել վարձակալած 5 հա հողատարածքից ավազի արդյունահանումը իրականացնելու համար, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ»,- կարծում են դատախազությունում։
Վերահսկող մարմինը կարծում է, որ եկամտի աղբյուրը թաքցնելու և օրինականացնելու համար Աբրահամյանն այն խառնել է այլ եկամուտների հետ, ինչպես նաև օգտագործել գույքի գնման տարբեր գործարքներ իրականացնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը Աբրահամյանից, նրա կնոջից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործն ընդունվել է վարույթ: Գլխավոր դատախազությունը պահանջ էր ներկայացրել դատարանին վերոնշյալ անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր: