Քննչական կոմիտեում «Հանրային ձայնը» կուսակցության ղեկավարներ Վարդան Ղուկասյանին և Արտակ Գալստյանին առնչվող քրեական գործով ևս երկու անձ է ձերբակալվել, հայտնում են Կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ՔԿ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ են պարզվել։ Ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։
Ըստ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում, բացի Ա․ Գալստյանից, ձերբակալվել է ևս երկու անձ՝ Ա․ Մկրտումյանը և Է․ Հովսեփյանը։ Վերջիններիս նկատմամբ, գիշերային ակումբի պատասխանատու աշխատակցից խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դրվագով, ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բոլորն էլ բավարարվել են և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։