Քննչական կոմիտեում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից ԱԺ պետա-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հրվածելու գործի քննությունը։ Սահակյանին մեղադրանք է ներակայցվել, հայտնում են Քննչական կոմիտեից։
Ըստ գործի նյութերի՝ ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի քննարկումների դահլիճում 2023թ․ մարտի 31-ին, ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների և ՀՀ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ՝ ժամը 11։15-ի սահմաններում, նիստը նախագահող, ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։
Նշվում է, որ պատգամավորը ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վ․ Վարդանյանին, քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Վ․ Վարդանյանին և հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տրվել է համաձայնություն:
Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը՝ խուլիգանական դրդումներով) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար: