Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։ Միաժամանակ Հայաստանն ստացել է նաև Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի կողմից ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտարարությամբ է հանդես եկել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
ՀՀ ներկայացուցիչը պարզաբանել է, որ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է դատարան հունվարի 23-ին՝ միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։
«Դատարանի կանոնների համաձայն՝ պետություններն իրավունք ունեն ներկայացնել նախնական առարկություններ մյուս կողմի ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ այն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում։ Նախնական առարկություններով պետությունները բարձրացնում են դատարանի իրավազորության բացակայության և հայցապահանջների անընդունելիության վերաբերյալ փաստարկներ և հիմնավորումներ»,- մանրամասնել է ՀՀ ներկայացուցիչը։
Նախնական առարկություններ ստանալուց հետո, ըստ ՀՀ ներկայացուցչի, դատարանն իր կանոնների համաձայն կասեցնում է գործի ըստ էության քննությունը մինչև նախնական առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը։
«Ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։ Հայաստանի կողմից ներկայացրած նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի հայցադիումում տեղ գտած պահանջների մեծ մասին։ Միաժամանակ Հայաստանն ստացել է նաև Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի կողմից ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ կողմերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դիտարկումները մյուս կողմի ներկայացրած նախնական առարկութունների վերաբերյալ դատարանի կողմից սահմանվելիք ժամկետում։
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։