«Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանը Քննչական կոմիտեում խոշտանգման է ենթարկվել, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացել եմ կալանավորված մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում վերջին օրերին տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին»,-գրել է նա Facebook-յան իր էջում։
Փաստաբանն այս տեղեկությունները գնահատում է արժանահավատ։
Ապրիլի 17-ին Քննչական կոմիտեն հաղորդում է տվել, որ «Հանրային ձայն» կուսակցության համանախագահներ Վարդան Ղուկասյանը և Արտակ Գալստյանը նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 110 հազար ԱՄՆ դոլար շորթման մեղադրանքով, 2 անձ ձերբակալվել է:
Ըստ հաղորդագրության՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց նվաստացնող տեղեկություններ։