Աղջիկս իրավաբանի կրթություն ունի, ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք: Ես իմացել եմ, որ աղջիկս աշխատում է, բայց չեմ իմացել, որ նա ռեժիմով բացակայում է»: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով քրեական վարույթում իր դստեր՝ աշխատանքի չհաճախելու մասին դրվագին:
Խոսելով քրեական գործում առկա մյուս՝ Ալեքսանդր Սարգսյանի և Լևոն Սարգսյանի մեղադրանքից, որ ռազմական ոստիկանությունում գրանցված լինելով որպես ծառայող, վարորդն ապահովել է նրանց անվտանգությունը, Գասպարյանն ասաց, որ այդ մասին նա իմացել է ուշ. «Ես իմացել եմ դրա մասին շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ վարորդ է աշխատում: Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունն սպասարկել են իմ տեղակալները: Ո՛չ Ալեքսանդր Սարգսյանը, ո՛չ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»:
Քրեական գործի մեկ այլ դրվագով էլ Գասպարյանի կինը չի հաճախել աշխատանքի: «Իմ կինը աշխատել է, գլուխները պատին են տվել նրանք, որոնք ասում են, թե կինս չի աշխատել, սրիկա են այն մարդիկ, որոնք ասում են՝ չի աշխատել: Նա աշխատել է իմ հետ: Քարերը հավաքելու ժամանակ կա, ամեն ինչի համար պատասխան են տալու: Ոչինչ ես աբարոտկա կխլեմ»,- նշեց նախկին ոստիկանապետը:
Լրագրողներին հատկապես հատաքրքրում էր աշխատանքային գրեթե ողջ գործունեությունը պետական համակարգում աշխատած պաշտոնյայի հսկայական տան ձեռքբերումը, որը ինքը՝ Գասպարյանը, դղյակ անվանեց և նշեց, որ նվեր է ստացել:
«Հիմա անդրադառնամ դղյակին: Այն ինձ հարազատ մարդկանցից մեկն է ժամանակին գնել իր տղաների համար, ոչ թե ինձ համար: Երբ տղաներն ասել են, որ չեն վերադառնալու արտասահմանից, այդպես նվիրել են ինձ, իմ ծրագրերում այս տունը երբեք չի լինելու: Ես նրանց քավորն եմ: Երբ ժամանակին այդ մարդն իր բիզնեսն էր դնում, ես չեմ թողել, որ նրան կրիմինալը նեղություն տա: Սիրուն է չէ՞ տունը, ճաշակով է արած, ես միշտ ճաշակով եմ ամեն ինչ անում: Դատի տրվեց, դատավոր Արթուր Մկրտչյանը, որն Աղասի Դանիելյանի գործընկերն էր, որոնք ՊՆ-ում տարիներ շարունակ տենդերներ են շահում, այդ Արթուր Մկրտչյանը մի ժամանակ Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ է եղել, երբ ես նշանակվել եմ ոստիկանապետ, նրան ազատել եմ աշխատանքից՝ վատ աշխատելու և քիթն ամեն տեղ մտցնելու համար, բանից պարզվում է, որ տան գործը գտնվում է իր վարույթում: Եվ դատարանում Աղասի Դանիելյանը հաղթում է, մենք այն բողոքարկում ենք, Վերաքննիչ դատարանը բեկանում է, և Արթուր Մկրտչյանը գնում է թոշակի չգիտեմ ինչու»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը»:
Վերջում նախկին ոստիկանապետն նշեց, որ գիտի, թե իր մոտ ինչու են առողջական խնդիրներ առաջացել: Նշեց՝ ներել է այն մարդկանց, որոնց չարժեր ներել, որն էլ իր պատիժն է համարում: