Մայիսի 9-ին ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ-ի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։ Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից։
Խոսքը վերջերս ՀՀ սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների մասին է, որոնց հարազատները Եվրոպական դատարանից պահանջել են կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում, ըստ նրանց, Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։
«ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը»,-ասված է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11 ու 6 տարվա ազատազրկման։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի պահակին սպանելու համար։
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանցի երկու զինվորականներին ՀՀ-ում հայտնաբերվերվել են ապրիլի 11-ին և 14-ին։