Ադրբեջանի ԱԳՆ-ի ջանքերով Կալիֆորնիա նահանգում (ԱՄՆ) Էրիկ Հակոբյանի և Հովհաննես Սուքիասյանի դեմ քրեական գործեր են հարուցվել՝ վերջնական դատական վճիռներով, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2020 թվականի հուլիսի 21-ին «հայերը, շրջափակելով Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքը, ցույց են անցկացրել՝ բղավելով Ադրբեջանի դեմ սադրիչ կարգախոսներ, որից հետո անցել են բռնության և ագրեսիայի ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների նկատմամբ»։
«Դեպքից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կապ է հաստատել տուժած ադրբեջանցիների հետ՝ նպատակ ունենալով պաշտոնական գործընթաց սկսել՝ պատասխանատվության ենթարկելու տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր իրականացրել են հարձակումը։
Առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ քաղաքական նկատառումներից ելնելով՝ տեղական իշխանությունները շահագրգռված չեն տեղի հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ քրեական գործեր հարուցելու հարցում։ Գործընթացում կարևոր դեր են խաղացել հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր տեղական քաղաքական շրջանակների միջոցով ճնշում են գործադրել քննչական մարմինների վրա։
Այդուհանդերձ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ջանքերով վերջապես քրեական գործեր հարուցվեցին երկու ազգությամբ հայերի նկատմամբ՝ վերջնական դատական վճիռներով»,- ասվում է հայտարարության մեջ։
Էրիկ Հակոբյանը դատապարտվել է 12 ամսվա պայմանական ազատազրկման, նրան արգելվել է զենք ձեռք բերել, պահել կամ կրել, ինչպես նաև պարտավորվել է փոխհատուցել հարձակման հետևանքով տուժածի բոլոր ծախսերը։
Երկրորդ ամբաստանյալ Հովհաննես Սուքիասյանը նույնպես դատապարտվել է 12 ամիս պայմանական ազատազրկման, ինչպես նաև 90 ժամ հասարակական աշխատանք, 20 ժամ զայրույթի դեմ պայքարի ուսուցում։ Նրան հանձնարարվել է փոխհատուցել հարձակման զոհի բոլոր բժշկական և այլ ծախսերը, ինչպես նաև վճարել 1000 դոլար տուգանք։