Հայաստանի վարչապետի որդուն առևանգելու մեղադրանքով կալանավորված Գայանե Հակոբյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
«Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա»,- ասված է դիմումի մեջ։
Նշելով, որ «մեր ժողովրդին ու երկրին ուժ տվող նվազագույն բարոյական սկզբունքները իսպառ ոտնահարված են», Հակոբյանն ընդգծել է, որ դրանք կարող են վերականգնվել միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլորին աջակցության համար և կոչ արեց քաղաքացիներին մասնակցել զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիաներին։
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը մայիսի 17-ին բերման է ենթարկվել։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը Armenia Today-ին հաստատեց, որ վարչությունում հաղորդում է ստացվել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձի մասին։ Խմբագրության աղբյուրը հայտնել է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության չորս անդամների կալանավորման մասին. բոլորը, բացի Հակոբյանից, հետո ազատ են արձակվել։
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի առևանգումը նրա պետական կամ քաղաքական գործունեության պատճառով): Այս հոդվածով առավելագույն պատիժը ութ տարի ազատազրկումն է։
Մահացած զինծառայողի մայրը մայիսի 18-ին հացադուլ է հայտարարել ։
Մայիսի 19-ի գիշերը առերեսում է տեղի ունեցել Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի միջև։