ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանի կալանքին, որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։
«Քրեական վարույթի ընթացքում պետությունը պատասխանատվություն է կրում հետևողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցի իրավաչափությունը:
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: Իրականացվող վարույթի առնչությամբ հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում հանրային պատշաճ հաղորդակցություն իրականացնելու և քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունն ապահովելու պայմաններում»,-հայտարարել է ՄԻՊ-ը։
Նրա խոսքով՝ պետական իրավասու մարմինների պարտականությունն է երաշխավորել, որպեսզի վարույթն ընթանա իրավունքի գերակայությանը բնորոշ չափանիշների համատեքստում, ինչպես նաև գործի դրվեն հանրային հաղորդակցության և հաշվետվողականության օրենքով թույլատրելի անհրաժեշտ կառուցակարգերը։
«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ կարևոր է, որպեսզի հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ և հանրային ծառայող, հանրային ճանաչում ունեցող այլ անձինք, հասարակական ու քաղաքական գործիչներն իրենց խոսքով ու վարքագծով բացառեն և մեղմեն հանրային բևեռացումը, ատելության խոսքը, ոչ իրավաչափ երևույթների, այդ թվում՝ բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Ավելին, առանցքային է, որպեսզի նշված անձինք իրենց հանրային հարթակն օգտագործեն խոսքի և վարքագծի ոչ իրավաչափ դրսևորումներին, այդ թվում՝ հասարակության տարբեր խմբերին թիրախավորող արտահայտություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով»,-ասել է նա՝ կարևորելով զոհված, ինչպես նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողների և հարազատների համար հոգեբանական աջակցության ծրագրերը։
Մայիսի 17-ին հայտնել էինք, որ փորձել են առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Նույն օրը Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով ձերբակալվել էին 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ։ Armenia Today-ը նաև տեղեկացրել էր, որ Շենգավիթի քննչական բաժնի մոտ հավաքվածների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեում ոստիկանությունում տված հողորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ այն է՝ մարդուն առևանգելը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։
Մայիսի 18-ին ձերբակալվածներն ազատ են արձակվել։ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, սակայն, տեղափոխել է ձերբակալվածների պահման վայր, որտեղ նա մայիսի 17-ից հացադուլ էր հայտարարել։ Երեկ՝ մայիսի 20-ին, նա դադարեցրել է հացադուլը։
Մայիսի 18-ին Գայանե Հակոբյանի և ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի միջև առերեսում է եղել։
Մայիսի 20-ին դատարանը կալանավորել է Գայանե Հակոբյանին, որից հետո բողոքի ցույց էր սկսվել Երևանում։