Պաշտպանական խումբը դադարեցում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առերևույթ առևանգելու գործով մեղադրյալ զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի պաշտպանությունը: Այս մասին ArmeniaToday-ի հետ զրույցում հաստատեց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ իրենց տարածած հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի: Փաստաբաններ՝ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարության մեջ անդրադարձել են պաշտպանությունը դադարեցնելու պատճառներին՝ նշելով, որ իրավական մասով արել են հնարավոր ամենը:
«Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է»,- ասված է հայտարարությունում:
Մելիքյանը հավելեց, որ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ բողոք է ներկայացվել, որը դատական վերադաս ատյանը մերժել է:
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր վարչապետի որդուն առերևույթ առևանգելու գործով, նրան մեղադրանք է առաջադրված: Ձերբակալման օրը «Որդիների կանչ» ՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որ մեղադրանքն անհիմն է և մտացածին: