ՀՀ պաշտպանության նախարարությունը վաճառել է անհատույց օգտագործման իրավունքով իրեն ամրացված, Գյումրիում գտնվող շինություններն ու հողամասը` խախտելով օրենքը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 6-ին։ Դրանով Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող շինությունները և «հատուկ նշանակության» 0.119995 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 2 մլն 983 հազար դրամով, վաճառվել է քաղաքացի Մ.Մ.-ին:
«Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ապրիլի ընթացքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն ձեռք բերված անշարժ գույքը 2021 թվականի նոյեմբերի 25-ին գրավադրել է 16 մլն 700 հազար դրամով՝ ձեռքբերման գնից 6 անգամ թանկ»,- տեղեկացնում են դատախազությունից։
Պարզվել է նաև, որ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն, անտեսելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տված տեղեկանքը, համաձայն որի՝ տարածքը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը։ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներն էլ իրականացրել են իրավունքների պետական գրանցում՝ քաղաքացուն տալով սեփականության իրավունքի վկայական, ապա ՊՆ պաշտոնատար անձինք վաճառել են այն քաղաքացուն: Դատախազությունը 2023թ․ ապրիլի 25-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
2023թ․ ապրիլի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին):