Հայաստանի ու ԱՄՆ–ի իրավապահները կհամագործակցեն թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն այսօր ընդունել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների վերահսկման գործակալության գլխավոր հատուկ գործակալի տեղակալ Ալֆրեդ Պարիզի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցերի վերահսկման գործակալության միջև փոխօգնության, համագործակցության, ինչպես նաև հուշագրի կնքման հետ կապված հարցեր։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ամերիկյան կառույցը պատրաստակամություն է հայտնել նաև առցանց վերապատրաստման դասընթացներ անցկացնել հայ ոստիկանների համար՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ։