Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Սինգապուրում Credit Suisse-ի դուստր ձեռնարկության դեմ դատը շահել է, 926 միլիոն դոլար կստանա, տեղեկացնում է AP-ն։
Իվանիշվիլին 2004 թվականին ավելի քան 1,1 միլիարդ դոլար է ներդրել բանկի Credit Suisse Trust Limited-ի կողմից վերահսկվող հավատարմագրում, իսկ «այն կառավարող աշխատակիցն 9 տարվա ընթացքում «յուրացրել է միլիոնավոր դոլարներ»՝ նախքան բռնվելն ու բանտարկվելը», հայտնել է Սինգապուրի միջազգային առևտրային դատարանը։
Միլիարդատեր գործարարը, որը կարողություն է կուտակել Ռուսաստանում նախքան 2012-ից 2013 թվականներին Վրաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնելը, դատի է տվել շվեյցարական բանկին՝ պահանջելով մոտ 1,2 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ ասելով, որ այն չի կարողացել պատշաճ կերպով կառավարել հավատարմագիրն ու պահպանել իր ակտիվները:
«Այսօր հրապարակված վճիռը սխալ է ու շատ կարևոր իրավական խնդիրներ է առաջացնում»,- ասվում է Credit Suisse-ի հայտարարության մեջ: Credit Suisse Trust Limited-ը մտադիր է «եռանդուն կերպով հետամուտ լինել բողոքարկմանը»: