Խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում են ԱԱԾ-ից։
ԱԱԾ-ից հայտնում են, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ։ Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, իսկ Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշենք, որ «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն է։
Մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Էկվադորից մեկ տոննա կոկաինի մաքսանենգության սխեման: Խոսքը 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաինի մասին է. «Հայկական միրգ ներկրող ընկերության կողմից պատվիրված թմրամիջոցների բեռը երկիր է ժամանել Էկվադորից՝ տարանցիկ ճանապարհով Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով»,- մանրամասնել էր գերատեսչությունը։
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել էր թմրանյութ տեղափոխելու դեպքը՝ հայտարարելով, որ «կոկաինի ներկրման հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում, Հանրապետական կուսակցության անդամ» է։