ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ծառայողական լիազորությունները մայիսի 5-ին ժամանակավորապես դադարեցվել են, հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի (Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակցին): Հայտնում ենք, որ վերոգրյալի կապակցությամբ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:
Ավելի վաղ լրատվականներից մեկը հրապարակել էր ««Նոր Հայաստանում» քրեականի պետն անչափահասի է ծեծում և շարունակում է իր աշխատանքը» վերտառությամբ հոդված՝ նշելով, որ «Ստացվում է՝ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կատարված հանցանքը ոչ մեծ ծանրության հանցավոր արարք է: Այսինքն` նորմալ է, որ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյան անչափահասի է ծեծում և իրավապահ համակարգում շարունակում է պաշտոն զբաղեցնել»։