Տավուշի մարզի դատախազի որոշմամբ՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է ՀՀ դատախազությունը։
«Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դատախազի կողմից տրվել է նաև հանձնարարություն՝ Ա. Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ լրատվականներից մեկը հրապարակել էր ««Նոր Հայաստանում» քրեականի պետն անչափահասի է ծեծում և շարունակում է իր աշխատանքը» վերտառությամբ հոդված՝ նշելով, որ «Ստացվում է՝ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կատարված հանցանքը ոչ մեծ ծանրության հանցավոր արարք է: Այսինքն` նորմալ է, որ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյան անչափահասի է ծեծում և իրավապահ համակարգում շարունակում է պաշտոն զբաղեցնել»։ Ոստիկանությունից էլ պարզաբանել էին, որ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ծառայողական լիազորությունները մայիսի 5-ին ժամանակավորապես դադարեցվել են։