Առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։
«Պարոն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»,- նշել է Քյարամյանը։
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, որի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ ՀՀ վարչապետին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների հարազատները։ Ապրիլի 18-ին ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ ինքը հարցաքննվել է որպես վկա։