Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է, Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը ձերբակալվել է, այս պահին միջնորդություն է պատրաստվում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Ղայթամազյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)»,- հավելեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Տավուշի մարզի դատախազի որոշմամբ՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ավելի վաղ լրատվականներից մեկը հրապարակել էր ««Նոր Հայաստանում» քրեականի պետն անչափահասի է ծեծում և շարունակում է իր աշխատանքը» վերտառությամբ հոդված՝ նշելով, որ «Ստացվում է՝ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կատարված հանցանքը ոչ մեծ ծանրության հանցավոր արարք է: Այսինքն` նորմալ է, որ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյան անչափահասի է ծեծում և իրավապահ համակարգում շարունակում է պաշտոն զբաղեցնել»։ Ոստիկանությունից էլ պարզաբանել էին, որ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ծառայողական լիազորությունները մայիսի 5-ին ժամանակավորապես դադարեցվել են։