Դատարանը զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանին ենթարկել է տնային կալանքի, տեղեկացնում է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը:
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին զոհված զինծառայողների հարազատները ՀՀ կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց էին սկսել՝ պահանջելով ազատ արձակել վարչապետի որդուն առևանգելու մեղադրանքով կալանավորված Գայանե Հակոբյանին։
ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով մայիսի 17-ին բերման էր ենթարկվել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն Armenia Today-ին հաստատել էր, որ վարչությունում հաղորդում է ստացվել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձի մասին։ Խմբագրության աղբյուրը տեղեկացրել էր «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության չորս անդամների կալանավորման մասին. բոլորը, բացի Հակոբյանից, ավելի ուշ ազատ էին արձակվել։
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեում ոստիկանությունում տված հողորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ այն է՝ մարդուն առևանգելը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։ Դատարանը մայիսի 20-ին բավարարել էր Հակոբյանին 1 ամիս ժամկետով կալանավորելու հետաքննության միջնորդությունը։