Հայաստանն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ուղարկված տեղեկատվությունը մայիսի 26-ին առևանգված հայ զինվորների մասին, ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Երևանը դա Եվրոպական դատարանում կմեկնաբանի մինչև հունիսի 16-ը։ Ամեն ինչ անելու ենք մեր հայրենակիցների պաշտպանությունը բոլոր առումներով ապահովելու համար»,- ընդգծել է Կիրակոսյանը։
Նա նկատել է «իրավական առումով խնդրահարույց» պահեր հայ զինծառայողների տեսանյութում, որը տարածվել էր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հունիսի 5-ին։ «Երևանը, անհրաժեշտության դեպքում, դրանք հետագայում օգտագործելու է դատական գործընթացներում»,- եզրափակել է Կիրակոսյանը։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր, որ հունիսի 7-ին ԿԽՄԿ-ի աշխատակիցներն առաջին անգամ Բաքվում այցելել են մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներին։ «Նրանց հնարավորություն է տրվել նամակներ գրել իրենց ընտանիքներին»,- հավելել էր նա։
Մայիսի 26-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մարտական դիրքեր սնունդ հասցնող երկու զինծառայողների՝ Հովակիմյանի և Ղազարյանի հետ կապի կորստի մասին։ Նրանք անհետացել էին Սյունիքի Շիկահող գյուղի միջակայքում։ Նույն օրը Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ «հայկական կողմը ներթափանցելու դիվերսիոն փորձ է կատարել, երկու հայ զինծառայող կալանավորվել է»։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր սահմանային գոտում ավտոմեքենայի հայտնաբերման մասին, որով երկու զինծառայող պետք է սնունդ և ջուր հասցնեին մարտական դիրքեր։ Մայիսի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը հայտարարել էին հայ զինվորականներին կալանավորելու և «որպես կասկածյալներ հետաքննության բերելու մասին»։ Նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ ադրբեջանական զինված խումբը խախտել է Հայաստանի սահմանը և առևանգել 2 զինծառայողի, որոնց հետ կապը կորել է մայիսի 26-ին։
Մայիսի 28-ին ադրբեջանական դատարանը հայ զինծառայողներին ձերբակալելու որոշում էր կայացրել։