Մեր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր դեպք պետք է իրավական գնահատական ստանա, լրագրողներին դռնփակ դատական նիստից առաջ ասել է ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը, որի առևանգման փորձի մեջ մեղադրվում է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։
Լրագրողների հարցին, թե չի՞ ամաչում զինվորի մորը կալանավայրում տեսնելու համար, Փաշինյանն աել է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը։ «Ես գլուխ եմ խոնարհում մեր բոլոր հերոսների և նրանց հարազատների առաջ, այդ թվում՝ տիկին Գայանեի, սակայն ՀՀ-ում յուրաքանչյուր միջադեպ պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»,- ասել է նա։ Դիտարկմանը, թե ծնողներն օգտագործում են իրեն քաղաքական հաշվեհարդարի համար, Աշոտ Փաշինյանը պատասխանել է ժպիտով։ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատական նիստերը տեղի կունենան դռնփակ։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 5-ին որոշել է վարչապետ Աշոտ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրվող զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանքից ազատ արձակել և կրկին կալանավորել մեկ ամիս, 15 օր ժամկետով։ Վճիռը հրապարակել է դատավոր Մանվել Շահվերդյանը։ Ավելի վաղ, դատարանը նրա խափանման միջոցը կալանքից փոխել էր տնային կալանքի, սակայն վկաների, այդ թվում՝ կրտսեր Փաշինյանի ցուցմունքներից հետո մտափոխվել է և փոփոխել վճիռը։
Վարչապետի որդին քննադատել էր Հակոբյանին կալանքից ազատելու և տնային կալանքի ենթարկելու դատարանի որոշումը։ Փաշինյան կրտսերի խոսքով՝ այնպիսի ծանր հանցագործության համար, ինչպիսին է առևանգումը, տնային կալանքը չափազանց մեղմ խափանման միջոց է։
Armenia Today-ի հետ զրույցում Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն ասել էր, որ իրենց դեռևս չի տրամադրվել դատարանի որոշումը և այս պահին չի կարող տեղեկացնել, թե ինչն է հիմք հանդիսացել նման վճռի համար։
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել կրտսեր Փաշինյանին առևանգելու դեպքի առթիվ։ Գործով մեղադրյալը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի (Հակոբյան) մայրն էր, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի առևանգումը նրա պետական կամ քաղաքական գործունեության պատճառով): Այս հոդվածով առավելագույն պատիժն ութ տարի ազատազրկումն է։ Մայիսի 20-ին դատարանը կալանավորել էր Հակոբյանին։