Արագածավանի միջադեպի շրջանակներում ձերբակալված Թալինի համայնքապետարանի պաշտոնյա Սուրեն Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երեկ Ս․ Թ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը։ Այսօր նա արգելանքից ազատ է արձակվել։ Ըստ Աբրահամյանի՝ տվյալ հոդվածով անազատության հետ կապված խափանման միջոց չի կարող կիրառվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թալինի համայնքապետարանի պաշտոնյա Սուրեն Թորոսյանը, որը Արագածավանի բնակչի հետ վիճաբանության ժամանակ, ըստ քաղաքացիների, գազ էր փչել երիտասարդի դեմքին և մահակով հարվածներ հասցրել նրան, երեկ ձերբակալվել էր։
Ըստ քննչական կոմիտեի՝ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա․ Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, քրեական գործով նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:
Ինչ վերաբերվում է Թորոսյանի հետ կապված մեկ այլ միջադեպին, արցախցի յոթամյա երեխային մեքենայից իջեցնելու և հարվածելու մասին, որի մասին տեսանյութ է արել Թորոսյանն ու անձամբ պատմել, ՔԿ մամուլի քարտուղարի խոսքով դեպքով հաղորդում չի ստացվել։