Քննչական կոմիտեն հայտնել է նախկին իշխող կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Ավելի վաղ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր ՀՀԿ փոխնախագահի ձերբակալման մասին։
Համաձայն ՔԿ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, Ա.Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185.606.000 ՀՀ դրամի հափշտակությունը:
Նշենք, որ 2022 թվականի նոյեմբերին Աշոտյանին արդեն մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համար անշարժ գույք ձեռք բերելու գործով, որում նախկինում մեղադրանք էր առաջադրվել նաև ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միխայիլ Նարիմանյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՔԿ-ն հայտնել է, որ Ձեռք բերված փաստերի հիման վրա 15.06.2023թ. որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն մեղսակցության, հավատարմագրված գույքի հափշտակության և փողերի լվացման մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Սակայն, նշվում է, որ հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանը չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին: Հունիսի 15-ին Ա.Աշոտյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով (խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը) ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ։