«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին տվյալներ են հայտնի դարձել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով՝ դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել, ապա` օտարել։ ՔԿ-ն նշել է, որ նրանք ապօրինի զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Իրենց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ Արման Սահակյանի օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ և Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով 163.115.680 ՀՀ դրամ արժեքով ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած դպրոցը՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով»,-հայտնում են ՔԿ-ից։
Նշվում է, որ վերոհիշյալ անձինք «Քիդս Քեը» ՍՊ ընկերության անվամբ գրանցված վերը նշված անշարժ գույքը, որն իր մեջ ներառում է դպրոցի երկու մասնաշենքերը, պարիսպը և դրա սպասարկման համար նախատեսված հողատարածքը, 2019թ.-ին մայիսին կնքված առուվաճառքի պայմանագրով 240.000.000 ՀՀ դրամով վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը:
ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) քրեական նոր վարույթ է նախաձեռնվել։ Նշված հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: Վարույթը նախաձեռնվել է նաև 442-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Հունիսի 15-ին ՔԿ-ն հայտնել էր Արմեն Աշոտյանի ձերբակալման պատճառները։
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է։