Դատարանը կալանավորել է Անդրանիկ Արմանդարյանին, ով համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտությունների գործադրմամբ դատավորի և նրա մերձավորների վերաբերյալ արատավորող տեղեկություններ ստեղծելու և հրապարակման համար փոխանցելու միջոցով օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Լուսանկարում՝ Ա․ Արմանդարյանը
«Անդրանիկ Արմանդարյանը ձեռք է բերել դատավորի, ինչպես նաև` նրա մերձավոր ազգականների լուսանկարները, մոնտաժել է այդ լուսանկարները, դրանց վրա կատարել դատավորին ու նրա մերձավոր ազգականներին վերաբերող անպարկեշտ, արատավորող գրառումներ, դատավորի լուսանկարը ենթարկել է անպարկեշտ ֆոտոմոնտաժի` դրա վրա կատարելով դատավորի անձը արատավորող գրառումներ, այնուհետև հիշյալ լուսանկարները ուղարկել է Վարդան Ղուկասյանին, ով ուղիղ հեռարձակամամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջով ունեցած ելույթի ընթացքում հրապարակել է մոնտաժված և արատավորող տեղեկություններ պարունակող լուսանկարները՝ ելույթի ժամանակ դատավորի և վերջինիս մերձավոր ազգականների նկատմամբ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՔԿ-ի փխանցմամբ՝ Արմանդարյանը ղեկավարել է տարբեր սոցիալական ցանցերում Վարդան Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվներ, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության լրատվական կայքէջը։
Նշվում է, որ Արմանդարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (46. Հանցակիցների տեսակները, կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանը մասնակցել է այլ անձի (համակատարողի) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այնպիսի անձի օգտագործելու միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար որպես կատարող կամ հանցանքը կատարել է անզգուշությամբ:
490. Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):