Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 24-ի գիշերը Երևանի կենտրոնում գտնվող «Բան» ակումբից թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու, ինչպես նաև դանակներ կրելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել ՀՀ և ՌԴ 27 քաղաքացիներ։
«Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ մի կնոջ մոտ՝ պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ զանգվածով։ Ակումբում կատարված զննությամբ ակումբի խոհանոցում՝ պայուսակում, հայտնաբերվել է 14 հատ հաբ՝ սպիտակ և վարդագույն երանգների, սենյակներից մեկում հայտնաբերվել է թվային փոքր կշեռք, մի քանի թափանցիկ փաթեթներ՝ լցված սպիտակ կամ դեղնականաչավուն գույնի փոշենման զանգվածներով, «Զիպ» փականով պոլիէթլիենային չօգտագործված փաթեթներ և այլ իրեր։ Առգրավված փաթեթներից որոշներում առկա զանգվածները հանդիսացել են ընդհանուր 1,95 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և 5.87 գրամ հաստատուն քաշով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բերման ենթարկված քաղաքացիներից երեքը ձերբակալվել են ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մնացածն ազատ են արձակվել։
«Հունիսի 25-ին ձերբակալվածներից մեկի՝ ՌԴ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով)»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հունիսի 26-ին դատարան միջնորդություն է ներկայացվել՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որն ամբողջությամբ բավարարվել է և վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ։