Բացահայտվել է առցանց թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և դրանից ստացված ավելի քան 1մլրդ դրամի «փողերի լվացմամբ» զբաղվող հանցավոր խումբ, 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում են ՔԿ-ից։
«Քննությամբ պարզվել է, որ Ա. Մանուկյանը, Կ. Մանուկյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի որդին հանդիսացող Հ. Գալստյանը, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի շարք անձինք 2019թ.-ից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել են «N…», «Nа…» և գրեթե նույնանուն 7 այլ առցանց խանութ-հարթակներ: 2019-2023թթ. ընթացքում վերոնշյալ անձինք այդ խանութ-հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել են առանձնապես խոշոր չափերով «Մեթանֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև իրացման նպատակով ապօրինի շրջանառել են առանձնապես խոշոր չափերով «Կոկաին», «Մեթամֆետամին», «LSD», «Մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներ»,-հայտնում են ՔԿ-ից։
Տեղեկացնում են, որ թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված ֆինանսական միջոցները ընդհանուր կազմել են 1.152.734.220 ՀՀ դրամ։
ՔԿ-ից հայտնում են նաև, որ նշված 3 անձինք թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով վերոնշյալ ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու, այսինքն «փողերի լվացման» նպատակով ի սկզբանե թմրամիջոցների վաճառքի համար հաճախորդներին տրամադրվել են գրեթե ամենօրյա ռեժիմով փոփոխվող կրիպտոարժույթային դրամապանակներ։ Զուգահեռ «Idram» վճարահաշվարկային համակարգում գրանցել են ինչպես իրենց, այնպես էլ իրենց հետ փոխկապակցված բազմաթիվ անձանց անուններով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներ: ՔԿ-ի փոխանցմամբ՝ հանցավոր խմբում է ներգրավված նաև Արտակ Գալստյանի կինը՝ Վ. Գալստյանը։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է նԵրկայացվել հսկող դատախազին Ա. և Կ. Մանուկյանների, Պ. Հարությունյանի և Հ. Գալստյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Կ. Շահբազյանի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ. Գալստյանի, Բ. Սաքանյանի և Ա. Մարկոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նշված անձանցից 5-ին, այդ թվում Վ. Գալստյանին, ներկայացվել է մեղադրանք, նրանք կալանավորվել են։ Հ. Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ևս ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է Վրաստանում և ձերբակալվել։ Նախաձեռնվել է նրան ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու իրավական գործընթաց»,-հայտնում են ՔԿ-ից։
Քրեական հետապնդման ենթարկվող մյուս երկու անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կայացվել է վերջիններիս ձերբակալու որոշում՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով։
ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը նախատեսում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն՝ առանձնապես խոշոր չափերով իրացում։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է փողերի լվացմանը՝ առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
Ապրիլի 17-ին ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։