Հանքարդյունահանող կազմակերպության կողմից պետական բյուջե է վերականգնվել 824մլն դրամ պակաս հաշվարկված հարկեր և վճարներ, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում՝ հանքարդյունահանման գործունեությամբ զբաղվող ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 824.687.331 ՀՀ դրամի պակաս հաշվարկված հարկերը և վճարները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ քննությամբ հիմնավորվել է, որ հանքարդյունահանում իրականացնող կազմակերպության կողմից 2014 թվականից մինչև 2020 թվականը ներառող ժամանակահատվածում ծավալած գործունեության արդյունքում թերհայտարարագրվել են բնօգտագործման վճար համարվող ռոյալթիի, շահութահարկի, ինչպես նաև բնապահպանական հարկի հարկման բազաները, որի արդյունքում նշյալ վճարների և հարկատեսակների գծով պակաս հաշվարկվել են և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր և վճարներ: